15/10/2024
Ա. Չալաբյանն ընդդեմ «Իրավունքի». Դիտորդ մարմնի փորձագիտական կարծիքը
Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը փորձագիտական կարծիք է հրապարակել «Իրավունք» թերթում հրապարակված տեղեկությունների վերաբերյալ հանրային գործիչ Ավետիք Չալաբյանից ստացված բողոքի կապակցությամբ։
«Հայաքվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանի ներկայացուցիչը բողոքել է Iravunk.com լրատվական կայքում հրապարակված մի քանի հոդվածներում իր վստահորդի նկատմամբ էթիկայի նորմերի խախտման վերաբերյալ։ Մասնավորապես, ըստ դիմումի, «Իրավունքի» կայքում 17.07.2024թ․ հրապարակված հոդվածում [ https://iravunk.com/?p=288363&l=am ], օգտագործելով վիդեոբլոգեր Վարդան Ղուկասյանի (Դոգ) հրապարակած տվյալները, ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող Չալաբյանին վերագրվում են գործող կառավարության հետ սերտ կապեր, որովհետեւ, ըստ հոդվածի, Չալաբյանը «Արցախը փրկելը թարգել, ելակի բիզնեսով է զբաղվում» եւ այդ ընթացքում գործող կառավարությունից «ստացել է 4 միլիոն դոլարի սուբսիդիոն վարկ»։
Այս հոդվածի լույս տեսնելուց հետո, օրենքով սահմանված ժամկետում Չալաբյանի ներկայացուցիչները հերքման եւ պատասխանի հնարավորության պահանջով դիմել են «Իրավունքի» խմբագրություն՝ նշելով, որ Չալաբյանի կազմակերպությունը հիշյալ բիզնեսով սկսել է զբաղվել տարիներ առաջ եւ պետությունից ուղղակի աջակցություն չի ստացել։
Հերքման պահանջին արձագանք չի տրվել, փոխարենը՝ օրեր անց Iravunk.com-ը հրապարակել է մի նոր նյութ [ https://iravunk.com/?p=291595&l=am ]՝ ըստ էութան հրաժարվելով հերքել կամ պատասխանի հնարավորություն տալ Չալաբյանին։
Դիմումատուն խնդրել է ԴՄ-ին՝ գնահատել լրատվամիջոցի գործողությունների համապատասխանությունը լրագրողական էթիկայի նորմերին։
Իր փորձագիտական կարծիքով Դիտորդ մարմինն արձանագրել է, որ Iravunk.com կայքում 17.07.2024թ․ Ավետիք Չալաբյանին վերաբերող տեղեկությունների հրապարակումը [ https://iravunk.com/?p=288363&l=am ] հակասում է ԶԼՄ-ների էթիկայի կանոնագրի մի շարք կետերի։ Մասնավորապես, լրատվամիջոցը մինչեւ հրապարակումը չի ստուգել երրորդ աղբյուրից, տվյալ դեպքում՝ սոցցանցային հրապարակումից ստացված տեղեկության հավաստիությունը, վերլուծություններ եւ մեկնաբանություններ է կատարել՝ հիմնվելով չստուգված փաստերի վրա։
Խմբագրությունը Չալաբյանի ներկայացուցիչներին խնդրի վերաբերյալ քննարկում կազմակերպելու գրավոր առաջարկ է արել, որը փաստորեն չի ընդունվել վերջիններիս կողմից։ Դիտորդ մարմինը գոհունակությամբ է արձանագրում հարցը երկկողմ քննարկման միջոցով լուծելու խմբագրության պատրաստակամությունը եւ խրախուսում է լրատվամիջոցների հետ տեղեկատվական խնդիրներ ունեցող քաղաքացիներին եւ կազմակերպություններին՝ մինչեւ ԴՄ դիմելը օգտագործել լրատվամիջոցի հետ քննարկման միջոցով հաշտության հասնելու բոլոր հնարավորությունները։
Դիտորդ մարմնի փորձագիտական կարծիքն ամբողջությամբ՝ https://mediaethics.am/archives/1907
ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի` 2024թ․ հոկտեմբերի 9-ի փորձագիտական կարծիքը2024-10-092024-10-13 ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի` 2024թ․ հոկտեմբերի 9-ի փորձագիտական կարծիքը iravunq.com ...