18/09/2025
Էլ իմ ոսկի երազը չեք,
Ո'վ աղջիկներ մրահոն,
Ո'չ սեր կուզեմ մահից այս կողմ,
Ո'չ էլ այն կողմ` պանթեոն:
Երբ որ մեռնեմ, ինձ այրեցեք,
Բայց մոխրիցս յոթը բուռ
Տարե'ք, ցրե'ք Հայաստանիս
Յոթը Կողմերը դեռ անդուռ:
Առաջին բուռն համասփռեք
Կրծքին բանտված Մասիսի,
Որ խառնվեմ իր մեծ սրտին,
Հովանա սիրտն իմ հույսի:
Թե չէ այսպես, ինչպես գառը
Հեռու կապեն իր մորից,
Թե չձուլվեմ Արարատին,
Ես կմեռնեմ կարոտից:
Երկրորդ բուռը լուռ շաղ տվեք
Մայր Արաքսի սրտի մեջ,
Որ հովանա մոխրիս մեջ էլ
կարոտավառ սիրտս խեղճ:
Երրորդ բուռը տարե'ք, ցրե'ք
Ղարաբաղիս լեռներին,
Որ մուրազիս ծաղկունք դառնամ
Պանդուխտ հողիս ձեռներին:
Սրտիս մոխրի չորրորդ բուռը
Տարե'ք ծովակն իմ Վանա,
Իր կարոտից մեռած սիրտս
Կենդանանա, հովանա:
Հինգերորդ բուռն իմ Տարոնի
Դաշտերի մեջ շաղ տվեք,
Որ հինգ հազար դարեր բախեն
Մոխրիս մեջ էլ սիրտս հեգ:
Վեցերորդ բուռն իմ մոխիրի,
Որպես փյունիկը սրտիս,
Դուք շաղ տվեք հազարագանձ
Ավերակում Անիիս,
Որ մոխիրս շաղախ դառնա,
Երբ իղձերս կամարվեն,
Վեր գմբեթվող Անիիս մեջ
Հայ կանթեղներս վառվեն:
Յոթերորդ բուռն իմ մոխիրի,
Որպես անշեջ մի ցասում,
Լցրե'ք աչքը կույր մարդկության,
Որ իմ վիշտը չէր կիսում:
Թող կուրանան կույր արքերը
Իմ մոխիրով մշտազայր
Որ չեն տեսնում Հայոց վիշտը,
Այս էլ քանի վշտի դար,
Որ չթողին հայ լեռան շուրջ
Հայոց ազգը ծովանար,
Որ մարմարե կղզի դառած
Մասիսն ինքն էլ հովանար:
Որ ծովանար Հայոց ազգը, կուլ չգնար ծովերին,
Վառվող սիրտս հավերժ տալով յոթ կողմերիս հովերին:
ՅՈԹԸ ԲՈՒՌ ՄՈԽԻՐ
(Վերջին իղձս)
Հովհաննես Շիրազ