24/07/2025
Ռուս փորձագետները, որոնք պնդում են, թե իբր Ալիևը խիստ զայրացրել է Կրեմլին, լավ կանեն՝ ուշադիր կարդան Զախարովայի այս հայտարարությունը․
«Ամերիկացիները, իրականում, ոչ մի նոր բան չեն առաջարկել։ Ռուսաստան–Ադրբեջան–Հայաստան եռակողմ ձևաչափում մենք դեռ 2023-ին գրեթե նույն բանն էինք առաջարկել և արդեն մոտ էինք տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը։ Ցավոք, Արևմուտքի և հայկական իշխանությունների ապակառուցողական ազդեցության հետևանքով գործընթացը կանգ առավ»։
Եթե մի կողմ դնենք էմոցիաները, գիտե՞ք, ինչ է իրականում նշանակում Զախարովայի այս խոսքը։
1. Ամենակարևորը՝ Հայաստանի հետ ոչ ոք հաշվի չի նստում։ Կլինի՞ «Զանգեզուրի միջանցք», թե՞ ոչ՝ դա այլևս չի որոշվում Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից։ Բոլորին պարզապես հետաքրքիր չէ Հայաստանի դիրքորոշումը։ Ո՛չ Վաշինգտոնում, ո՛չ Բրյուսելում, ո՛չ Թեհրանում, ո՛չ Բաքվում, ո՛չ Անկարայում… և առավել ևս՝ Մոսկվայում։
2. Մոսկվան շարունակում է հաճոյանալ Բաքվին՝ ակնարկելով, որ նույն բանը ինքը վաղուց է առաջարկել։
3. «Զանգեզուրի միջանցքը» դեռ չի գործարկվել, քանի որ «նայողի» հարցը մինչ այս պահը վերջնականապես չի լուծվել։
4. Մեր հեռատեսությամբ աչքի չընկնող վարչապետը միջանցքի տրամաբանության մեջ բանակցություններ էր սկսել դեռևս 2020 թվականի նոյեմբերին՝ այն ժամանակ, երբ հրապարակավ պնդում էր հակառակը։ Գուցե, իրեն խորամանկ համարող գավառական գործչի մտածողությամբ, հույս ուներ, թե կկարողանա մոլորեցնել բոլորին՝ և՛ Մոսկվային, և՛ Բաքվին։ Մտածում էր՝ կզիջի իրեն «անպետք» դարձած Արցախը, և այդպիսով միջանցքի հարցը կփակվի։ Բայց չստացվեց։
5. Եթե այս անձը շարունակի վարել «ճանապարհի» շուրջ բանակցությունները, ապա միջանցքը անպայման լինելու է։ Ավելին՝ միջանգքի հարցում Փաշինյանը համաձայնելու է Հայաստանի համար հնարավոր ամենավատ պայմաններին։
6. Միակ հույսը՝ Ալիևի ժլատությունն է։ Բաքվի բռնապետը, հավանաբար, մտածում է, թե կարող է թուրք կամ ադրբեջանցի «նայող» կանգնեցնել և դեռ չի շտապում ինչ-որ բան ստորագրել։