01/11/2020
Գառնու հեթանոսական - հելլենիստական տաճար
Գառնու հեթանոսական տաճարը միակ կանգուն հունահռոմեական կառույցն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ հետխորհրդային տարածքում: Այս հոյակերտ շինությունը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում՝ Ազատ գետի ձախ ափին:
Կառուցվել է ենթադրաբար մ.թ. 77 թվականին հայոց Տրդատ Ա արքայի կողմից, այն արքայի, որը 65 թվականին թագադրվել էր Հռոմում՝ կայսր Ներոնի ձեռքից ընդունելով Մեծ Հայքի թագը:
Մեկ այլ վարկածի համաձայն, տաճարը կառուցվել է մ.թ.ա. II դ., իսկ մ.թ. 70-ական թթ. Տրդատ Ա-ն այն միայն վերականգնել է: Արքայի թողած հունարեն արձանագրությունում Գառնին անվանվել է «անառիկ ամրոց»:
Արտաշեսյան և Արշակունյաց դինաստիաների օրոք Գառնին եղել է նշանավոր ամրոց, զորակայան և արքունի ամառանոց: Երկու հազար տարի առաջ, երբ հայերը հեթանոս էին, այս յուրատիպ կառույցը նվիրված էր Միհրին՝ հայոց դիցարանում լույսի և արևի աստծուն, որը հայտնի էր նաև որպես Միթրա:
305 թվականին Հայոց աշխարհը մկրտվում է, արքա Տրդատ Գ-ի հրամանով արգելվում են հեթանոսական տոներն ու ծեսերը, իսկ մեհյանները կամ ոչնչացվում են, կամ վերածվում քրիստոնեական եկեղեցիների: Հայտնի հայագետ, լեզվաբան և հնագետ Նիկողայոս Մառը տաճարի տարածքում անցկացված պեղումների ընթացքում հայտնաբերված որոշ գտածոների ուսումնասիրությունից ենթադրել է, որ քրիստոնեության ընդունումից հետո հեթանոսական այս սրբավայրը վերածվել է եկեղեցու: Շատ ուսումնասիրողներ կիսում են գիտնականի այս տեսակետը, սակայն ոմանք էլ հերքում են այդ ենթադրությունը:
Համարվում է, որ Գառնին անվնաս է մնացել Տրդատ Գ-ի քրոջ՝ արքայադուստր Խոսրովդուխտի շնորհիվ: Խոսրովդուխտը խնդրել է եղբորը չքանդել Գառնու տաճարը, որն իր համար մեծ նշանակություն ուներ։
Տաճարը քարուքանդ է արվել արաբական նվաճումների ժամանակ, հետագայում, X դարի սկզբին, Աշոտ Բ Բագրատունի թագավորի օրոք այն վերակառուցվել է։ X-XVդդ. Գառնին եղել է Հայաստանի առավել խոշոր և նշանավոր գյուղաքաղաքներից մեկը։
1679 թվականին տաճարը վնասվել է երկրաշարժի հետևանքով և ավերակ վիճակում մնացել մոտ երեք դար:
1920-ականներին տաճարից մնացել էին միայն փլատակներ, որոնք վերականգնել էին փորձում մի շարք մասնագետներ: Ի վերջո դա հաջողվում է անել 1969-1975 թթ., որին հաջորդում է վերակառուցված տաճարի բացման հեղինակավոր իրադարձությունը: Վերականգնումից հետո Գառնին դառնում է սիրելի վայր ոչ միայն հայաստանիցիների, այլ նաև հելլենիստական մշակույթի բոլոր սիրահարների համար:
Այսօր Գառնու հոյակերտ տաճարը համարում է Հայաստանի խորհրդանիշը և իր մեջ կրում է հիշողություն մեր երբեմնի հեթանոսական անցյալի վերաբերյալ: