Youth Online Magazine Armenia

Youth Online Magazine Armenia The Youth Online Magazine (Armenia) is the first online platform, which makes multi sided focus on the activities and policy of young people.

Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը (ԳԱԿ) և Շվեյցարական Պաուլ Կլեե Կենտրոնում (Zentrum Paul Klee) գործո...
20/07/2022

Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը (ԳԱԿ) և Շվեյցարական Պաուլ Կլեե Կենտրոնում (Zentrum Paul Klee) գործող Creaviva մանկական թանգարանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհի շրջանակում, հուլիսի 21-ից օգոստոսի 16-ը Վանաձորում (հուլիսի 21-23), Գորիսում (հուլիսի 27-30) և Երևանում (օգոստոսի 1-16) կիրականացնեն «Աշխատարաններ՝ միջազգային փորձի փոխանակմամբ. ԳԱԿ – Կրեավիվա (Creaviva Children's Museum)» ծրագիրը։ 4 շաբաթ ընդհանուր տևողությամբ այս ծրագրի շրջանակում արվեստագետ, Creaviva թանգարանի աշխատակից Ֆրանց Բրուլհարթը (Franz Brülhart) վարպետության դասեր կանցկացնի հաշմանդամություն ունեցող և չունեցող շուրջ 600 երեխաների և պատանիների համար, ինչպես նաև փորձի փոխանակման հանդիպումներ կունենա ԳԱԿ ուսուցիչների հետ։ Ծրագրի շրջանակում Ֆրանց Բրուլհարթը կաշխատի նաև ԳԱԿ Փոքր թատրոնի Ներառական պարային խմբի հետ։

Որպես նախագծի ամփոփում ԳԱԿ Պատկերասրահում կբացվի ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն ծրագրի շրջանակում մասնակիցների ստեղծած աշխատանքները, ինչպես նաև կներկայացվի փերֆորմանս՝ Ներառական պարային խմբի մասնակցությամբ։ Իսկ արդեն 2023թ․ գարնանը նախատեսվում է հայկական կողմի փոխադարձ այց Creaviva մանկական թանգարան՝ ԳԱԿ սաների աշխատանքների ցուցադրությամբ։

Գեղագիտության ազգային կենտրոնի և Creaviva մանկական թանգարանի միջև համագործակցությունը մեկնարկել է 2021թ․ հոկտեմբերին՝ ԳԱԿ պատկերասրահում իրականացված համատեղ ծրագրով։ Creaviva մանկական թանգարանն արվեստային կրթության այլընտրանքային հարթակ է։
Ստեղծման օրից այն աշխատում է իր ուրույն փիլիսոփայությամբ և կոնցեպտով։ Այստեղ ստեղծվում է արվեստ երեխաների համար, երեխաների կողմից և երեխաների հետ։ Թանգարանի տնօրեն Պիա Լեդրախն (Pia Lädrach) առանցքային կարևոր նմանություններ է տեսնում իրենց թանգարանի և Գեղագիտության ազգային կենտրոնի առաքելությունների ու գործունեության միջև։ Երկու կառույցներում էլ շատ է կարևորվում արվեստի մատչելիության սկզբունքը և մեծ աշխատանքներ են տարվում ներառականության ուղղությամբ։

Գեղագիտության ազգային կենտրոնը մշտապես զարգացող, ոլորտի միջազգային չափանիշներին և ժամանակակից մոտեցումներին հետևող կառույց է։ Դրա վառ վկայություններից է Creaviva թանգարանի հետ համագործակցությունը, որն, առաջին հերթին, ուղղված է կենտրոնի մասնագիտական ներուժի «վերազինմանը», նոր գիտելիքների ձեռքբերմանն ու փորձի փոխանակմանը։

Հոկտեմբերի 13-ին Հունաստան ուղևորվեց Հայաստանի սամբոյի պատվիրակությունը՝ մասնակցելու Սալոնիկ քաղաքում հոկտեմբերի 15-ից 1...
14/10/2021

Հոկտեմբերի 13-ին Հունաստան ուղևորվեց Հայաստանի սամբոյի պատվիրակությունը՝ մասնակցելու Սալոնիկ քաղաքում հոկտեմբերի 15-ից 17-ը կայանալիք սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությանը:
Մեր թիմի կազմում ընդգրկված է 11մարզիկ, ինչպես նաև՝ մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, մրցավար Ազատ Անդրյանը: Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

Հոկտեմբերի 15-ին մրցելույթները կսկսեն պատանիներից Արամ Խաչիկյանը /53կգ/, Աշիկ Անդրեյանը /58կգ/, Մեսրոպ Նիկոյանը /64կգ/, երիտասարդներից՝ Դավիթ Հարությունյանը /+98կգ/:
Հոկտեմբերի 16-ին մրցագորգ կմտնեն պատանիներից Վիլիկ Սահակյանը /71կգ/, երիտասարդներից՝ Դավիթ Հովսեփյանը /58կգ/ և Արամ Աղաջանյանը /64կգ/:

Հոկտեմբերի 17-ին մեդալների համար կպայքարեն պատանիներից Գրիգոր Բեկնազարյանը /98կգ/, երիտասարդներից Նարեկ Ամիրյանը /71կգ/, Մամիկոն Ավետիսյանը /79կգ/, Գոռ Հարությունյանը /88կգ/:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

«Սիրեցի քեզ»  սևակյան  բանաստաղծությունների համադրությամբ  երգի պրեմիերա22-ամյա երգիչ-երգահան Մարկ Հայրապետյանը երգարվես...
06/10/2021

«Սիրեցի քեզ» սևակյան բանաստաղծությունների համադրությամբ երգի պրեմիերա

22-ամյա երգիչ-երգահան Մարկ Հայրապետյանը երգարվեստի փոփ-ջազ ասպարեզում ինքնուրույն ու հիմնավոր քայլեր է անում: Միայն այն, որ նրա ստեղծագործությունների համար հիմք է Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, Պարույր Սևակի, Համո Սահյանի պոզիան, վկայում է այն մասին, որ Մարկը երգարվեստը դիտարկում է բարձր արժեհամակարգի տեսանկյունից:

Մարկ Հայրապետյանը սովորում է Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, միաժամանակ ակտիվորեն ստեղծագործում է, մասնակցում համերգային տարբեր նախագծերի, որոնցից հատկանշական է, օրինակ, Առնո Բաբաջանյանին նվիրված համերգային երեկոն: Մարկն ընդգրկված է եղել նաև Ռոբերտ Ամիրխանյանի համերգային խմբում:

Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Մարկի նոր երգի տեսահոլովակի յութուբյան պերմիերան. երգը սևակյան մի քանի բանաստաղծությունների համադրությամբ է ստեղծվել:

Մարկը կատարում է ոչ միայն իր գրած երգերը, այլև համաշխարհային հիթեր՝ երաժշտասեր հանրությանը ներկայացնելով իր մեկնաբանությունը, կատարողական իր ոճն ու ձեռագիրը:

Մարկ Հայրապետյանը նոր ստեղծագործություն է գրել՝ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմի հերսների հիշատակին: Երաժշտության, ինչպես նաև խոսքերի հեղինակը ինքն է:

Երգի յութուբյան պրեմիերան

▪︎Executant, and Music by Mark Hayrapetyan ▪︎Dancer - Shushanna Shahinyan▪︎D.O.P - Robert Poghosyan▪︎Director - Alen Manukyan▪︎Gaffer - Hayk Hakobyan▪︎Camer...

Հուլիսի 18-ին նորաբաց «Երևանյան Էսքիզ» գրախանութում տեղի ունեցավ ֆրանսիաբնակ երաժիշտ, կոմպոզիտոր Մարինե Գյուլումյանի «Մե...
19/07/2021

Հուլիսի 18-ին նորաբաց «Երևանյան Էսքիզ» գրախանութում տեղի ունեցավ ֆրանսիաբնակ երաժիշտ, կոմպոզիտոր Մարինե Գյուլումյանի «Մեկուսացման ոգեշնչում » ձայնասկավառակի շնորհանդեսը։ Մտերմիկ մթնոլորտում հեղինակը ներկայացրեց յուրաքանչյուր երգի ստեղծման պատմությունը և մակագրեց ներկաների համար։ Միևնույն ժամանակ երկրորդ հարկում ներկայացված էին Մարինե մայրիկի՝ նկարչուհի Կարինե Հարությունյանի կտավների ցուցահանդեսը։ Թե’ Մ.Գյուլումյանի երգերը, թե’ Կ.Հարությունյանի կտավները ստեղծվել էին նուն համավարակի մեկուսացած պայմաններում։

«Մեկուսացման օրերը ինձ համար լի էին նոր երգերի ծննդով, որոնք պարբերաբար կիսվեցի իմ երկրպագուների հետ՝ անդադար ներկայացնելով դրանք նոր ձևաչափով։

Ինձ համար էլ էր բացահայտում, քանի որ չէի պատկերացնում, որ պարփակված պայմաններում հնարավոր է յուրաքանչյուր 3-4 օրը մեկ նոր երգ ներկայացնել՝ նոր գործիքավորման և նոր «տեսահոլովակի» տեսքով, որոնց վրա գիշեր-ցերեկ աշխատում էի միայնակ, հեռահար՝ համակարգչի առջև (իհարկե իմ գաղափարի շուրջ հավաքելով մի շարք հիանալի երաժիշտների, որոնք սիրով միացան ինձ օնլայն հարթակում)։

Դրա արդյունքում ունեցա 10 նոր երգեր, որոնք սիրվեցին երաժշտասեր հասարակության կողմից և տեղ գտան իմ նոր՝ թվով չորրորդ ձայնասկավառակում։
Այն իր տեսակով եզակի է, քանի որ ստեղծվել է արտասովոր պայմաններում՝ հեռախոսային ձայնագրություններով, բայց արվել է ամբողջ սրտով՝ ջանք ու եռանդ չխնայելով և հուզել հարյուր հազարավոր մարդկանց... Պարփակված լինելու պայմաններում ստեղծագործելն ինձ համար մեծ հաճույք էր, որն անում էի ողջ եռանդով՝ գիտակցելով, որ իմ ստեղծագործությունները կարող են երաջանկացնել կամ սփոփել մեկ ուրիշին, ովքեր փակվելով տանը, գուցե դեպրեսիայի շեմին են։

Այսպիսով 2 ամիս անդադար փակված ստեղծագործելու արդյունքում այսօր ունեմ «Մեկուսացման ոգեշնչում» ձայնասկավառակը, որտեղ մասնակցություն են ունեցել Իվետա Մուկուչյանը «Երկար գարուն» երգով, ֆրանսիայից՝ շնորհալի Էրմոնիան «Հանդիպում» և «Կլեոպատրա» երգերով (որը ի դեպ գրել եմ Շառլ Ազնավուրի տեքստի հիման վրա, իր իսկ առաջարկով «Éditions Raoul Breton» ընկերությունում աշխատելուս տարիներին), Վալանսից՝ անկրկնելի Անգինեն, Բրյուսելից՝ Տիգրան Խանջարյանը «Հին ու նոր Հայաստան» երգով և վերջապես աղջիկս՝ Մադլենը «Լա Բոհեմը» երգով (որը ձայնասկավառակի վերջին բոնուսային երգն է և այս կատարումը մեծ արձագանք է ստացել Ազնավուրի պաշտոնական կայքում):

Խորին շնորհակալությունս եմ հայտնում նաև բոլոր երաժիշտներին, ովքեր սիրով մասնակցեցին այս պրոեկտում և չնայած հոգեպես դժվար պայմաններին՝ իրենց մեջ ուժ գտան և դրական էմոցիաներով լցրեցին մյուսների՝ մռայլ ու հուսալքված առօրյան (Արտյոմ Մինասյան՝ դուդուկ, բլուլ, Ժուլիեն Թեքեյան՝ հարվածայիններ, Ջեֆ Թեքեյան՝ բաս կիթար և ամուսինս՝ Ադրիան Տաբանու՝ ակուստիկ և էլեկտրոնային կիթառ)։

Երջանիկ եմ, որ այս նախաձեռնությանը սատար է կագնել «My Ouai » կազմակերպությունը (ղեկավար՝ Ժան Միշել Կամֆ), ով իր բարի գործով օգնում է Գյումրիում հայ մանուկների բուժմանն ու Մեծ Մասրիկում դպրոցաշինությանը»։

Ձայնասկավառակը առկա է համացանցի բոլոր հնարավոր հարթակներում՝ iTune, Spotify, TikTok, Amazon, YouTube և այլն), ինչպես նաև՝ «Երևանյան Էսքիզ» գրախանութում (Տերյանի 105/1)։

Ձայնասկավառակը լսելու կամ ներբեռնելու համար՝
https://music.apple.com/fr/artist/marine-gyulumyan/571810380

Մարդու իրավունքների կրթության միջոցով պայքար ատելության խոսքի դեմ2021 թվականի տարեսկզբին մեկնարկեց «Մարդու իրավունքների ...
12/05/2021

Մարդու իրավունքների կրթության միջոցով պայքար ատելության խոսքի դեմ

2021 թվականի տարեսկզբին մեկնարկեց «Մարդու իրավունքների կրթության միջոցով պայքար ատելության խոսքի դեմ» ծրագիրը։ Ծրագիրը իրականացվում է 2 փուլով։ Փետրվարի 9-ից 13-ը մեկնարկեց 5-օրյա առցանց դասընթաց ՀՀ տարբեր մարզերի հասարակագիտության առարկայի ուսուցիչների և հասարակական կազմակերպությունների երիտասարդական աշխատողների համար։ Դասընթացին մասնակցելու համար ընտրվել էին 20 մասնակիցներ, որոնցից տասը ուսուցիչներ էին, մյուս տասը՝ երիտասարդական աշխատողներ։

Դասընթացի նպատակն էր ընտրված 20 մասնակիցներին վերապատրաստել նոր կրթական գործիքակազմով, որպեսզի տեղեկացված լինեն, թե ինչպես պայքարել ատելության խոսքի դեմ մարդու իրավունքների կրթության միջոցով՝ համատեղելով ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության մեթոդները։

Դասընթացին հաջորդեց երկրորդ փուլը՝ գարնանային ամիսներին տեղի ունեցած առցանց հանդիպումների շարքը, որին հրավիրված են եղել ոլորտի մասնագետները և ուղիղ եթերի ձևաչափով իրականացվել է իրազեկման հանդիպումներ։
Հանդիպումները նախատեսված էին ոչ միայն ծրագրի մասնակիցների, այլ բոլոր հետաքրքրված անձանց համար։ Վերոնշյալ ձևաչափը հնարավորություն էր տալիս հետևորդներին իրենց հարցերն ուղղել հրավիրված բանախոսներին և տեղում ստանալ հուզող հարցերի պատասխանները։

Ծրագրի ընտրված մասնակիցները դասընթացից և գործողության/իրազեկման օրերից ստացած իրենց գիտելիքները պարբերաբար կիսում էին աշակերտների և երիտասարդների հետ։

ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղի միջնակարգ դպորցի ուսուցչուհի Սյուզաննա Հովսեփյանը նշում է․- «Այս ծրագրից ես ստացա համապատասխան տեղեկատվությունը, այն մասին, որ յուրաքանչյուր խոսք արտաբերելիս պետք է հասկանալ, որ իր մեջ չպարունակի ատելության խոսք, ինչպես կանխել դա, խտրական վերաբերմունք չցուցաբերել։ Այս դասընթացն իր մեջ լայն գաղափարախոսություն էր պարունակում, որի իրազեկումը, այս օղակներում, հանձինս կրթական, շատ կարևոր է»։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնի մեթոդիստ, փորձագետ Ելենա Ամիրյանը նաև «Մարդու իրավունքների կրթության միջոցով պայքար ատելության խոսքի դեմ» խորագրով ծրագրի մասնակիցներից մեկն է: Նա փաստում է, որ այս պահին մեր երկրում ատելության խոսքի դեմ տարվող աշխատանքներ իրականացվում են, ինչի համար պետք է շնորհակալություն հայտնել ոլորտի մասնագետներին և այն մարդկանց, ովքեր աշխատում են հանրային իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ երիտասարդները կարող են ստանձնել մարդու իրավունքների դերը, այն էլ առցանց տարածքում: Նա նշում է, որ ձեռք բերված փորձը անպայման շարունակելու է կիրառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված մի շարք դպրոցներում՝ ոչ ֆորմալ կրթության միջոցով, զուգահեռ անդրադառնալով Կայուն զարգացման գործընթացին:
Ելենա Ամիրյանի համար ատելության խոսքի դեմ պայքարի միջոց են հանդիսանում սերը և կրթությունը, և ըստ նրա միայն այս գործիքների միջոցով կարելի է հասնել լավագույն արդյունքին:

ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի ավագ դպորցի ուսուցիչ Աբազյան Անուշը նշեց, որ դասընթացից ստացած գիտելիքներով անց է կացրել բաց դաս՝ կանանց նկատմամբ խտրականության վերացման վերաբերյալ, և դատախաղ՝ մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ։

Երևանի Տ․ Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի հասարակագիտության ուսուցչուհի Մարիաննա Նավասարդյանն էլ դասընթացին անդրադառնալիս նշեց, որ աշխատելով դպրոցում որպես տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ, իր ամենօրյա աշխատանքի հիմնամեխը հենց պայքարն է ատելության խոսքի դեմ։ Նա պարբերաբար սովորողների հետ անհատական և խմբային զրույցներ է վարում, քանի որ այսօր մեր երեխաները շատ են օգտվում համացանցից, իսկ այն, ցավոք, գրեթե ողողված է ատելության խոսքի բազմազան դրսևորումներով։ Այն սովորողները, ովքեր ներգրավված էին մեր այս գործընթացին, վերաարժևորեցին այն ամենն ինչ գիտեին և սովորական շփումների մեջ ուշադիր էին, որպեսզի նման դրսևորումներ չունենային։

ՀՀ Արագածոտնի մարզի Կարինի միջնակարգ դպորցի, Վ․ Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ուսուցչուհի, վերապատրաստող-մենթոր Աննա Կիրակոսյանի համար դասընթացից ստացված գիտելիքները շատ ինֆորմատիվ են։ Յուրաքանչյուր թեմա եղել է հետաքրքիր և շատ ուսանելի։ Այն ոչ միայն աշակերտական միջավայրում, այլև ծնողների, ուսուցիչների շրջանում հանրայնացնելու, ներկայացնելու անհրաժեշտություն կա։

Ծրագրին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել ֆեյսբուքյան էջը՝ https://www.facebook.com/CombatingHateSpeech, որտեղ իլյուստրացիաների միջոցով կարող եք տեսնել, թե ինչպես է ավագ քույրը՝ Նռանեն, իր կրտսեր եղբորը՝ Սաքուլին, հաղորդում ամենօրյա դասընթացի ընթացքում տեղի ունեցող զրույցները։ Այս ձևաչափը նպատակ ուներ տեղեկատվությունը փոխանցել նաև ֆեյսբուքում ծրագրին հետևողներին։

Ծրագրի ամփոփումն ու փակումը տեղի է ունենալու ս/թ մայիսի 17-ին, որի ժամանակ մասնակիցները կստանան վկայագրեր և շնորհակալագրեր Եվրախորհրդի կողմից։

Նշենք նաև, որ ծրագիրն իրականացվեց Եվրախորհրդի կողմից «Արդարադատության մատչելիության խթանում Արևելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հիմքով կատարվող հանցագործությունների և ատելության խոսքի զոհերի համար» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության և Եվրախորհրդի կողմից «Ոչ ատելության խոսքին» hայաստանյան թիմի հետ համագործակցությամբ՝ միտված լինելով հանրության շրջանում ատելության խոսքի և խտրական դրսևորումների հետևանքով առաջացող վտանգների մասին իրազեկվածության բարձրացմանը։

Ջազ նվագախումբը համերգ կնվիրի ջազի լեգենդ Չիկ Կորեայի հիշատակին Հայաստանի պետական ջազ նվագախումբը համերգ կնվիրի ջազի լեգ...
08/04/2021

Ջազ նվագախումբը համերգ կնվիրի ջազի լեգենդ Չիկ Կորեայի հիշատակին

Հայաստանի պետական ջազ նվագախումբը համերգ կնվիրի ջազի լեգենդ, 25 Grammy-ի մրցանակակիր Չիկ Կորեայի հիշատակին: Ապրիլի 18-ին, ժամը 19։00-ին Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում (Բաղրամյան 17) Ջազ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, կներկայացնի անվանի երաժշտի ստեղծագործությունները՝ գործիքավորված հատուկ մեծ ջազ նվագախմբի համար:

Չիկ Կորեան վարպետ էր, որը միշտ ուզում էր լինել աշակերտ․․․ Առանց նրա հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից ջազը:

Չիկ Կորեան (1941-2021) ամերիկացի ջազ կոմպոզիտոր էր, դաշնակահար, բենդի ղեկավար: Կորեայի մեծ ջազային կարիերան սկսվել է Նյու Յորքում 1960-ականների երկրորդ կեսին ջազային կոլեկտիվներում, որոնք ղեկավարում էին Մոնգո Սանտամարիան, Ուիլի Բոբոն, Հերբի Մենը և Ստեն Գետցը:

Այդ ժամանակաշրջանում նա ստեղծում է իր առաջին սոլո ձայնագրությունները: Նրա վաղ աշխատանքներից ամենակարևորը Now He Sings, Now He Sobs (1968) երկրորդ սոլո ալբոմն է, որն այս հարյուրամյակի սկզբում դարձել է Grammy-ի Փառքի սրահի բաղկացուցիչ մասնիկը: Երաժշտի գործունեության ամենակարևոր փուլերից է շեփորահար Մայլզ Դևիսի հետ համագործակցությունն էր, որի հետ ձայնագրվել են բազում նշանակալի ալբոմներ (Filles de Kilimanjaro, In A Silent Way, Bi***es Brew):

Չիկ Կորեայի հայտնի Spain, La Fiesta, Armando's Rhumba, Windows ստեղծագործությունները համարվում են ջազ ստանդարտներ, և նույնպես հնչելու են համերգի ընթացքում: Տարբեր տարիներին Կորեան աշխատել է ամենատարբեր կազմերի՝ ավանգարդ Circle-ի, Return To Forever և Elektric Band ֆյուժն խմբերի, Akoustic Band-ի, New Trio-ի, The Origin-ի և այլոց հետ:

Չիկ Կորեան արժանացել է 25 Grammy մրցանակի և ավելի քան 60 անգամ առաջադրվել հեղինակավոր մրցանակաբաշխությանը:

«Ռետրո ջազ» համերգներին Ջազ նվագախումբը հետադարձ հայացք ուղղեց անցյալինԵրկու հաջողված համերգ, որոնց ընթացքում երաժշտությ...
22/02/2021

«Ռետրո ջազ» համերգներին Ջազ նվագախումբը հետադարձ հայացք ուղղեց անցյալին

Երկու հաջողված համերգ, որոնց ընթացքում երաժշտության լեզվով հետադարձ հայացք ուղղվեց անցյալին։ Հայաստանի պետական ջազ նվագախումբը «Ռետրո ջազ» խորագրով համերգներ ներկայացրեց Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում։ Ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ ունկնդիրը մասնակցեց երաժշտական ճանապարհորդության դեպի 20-րդ դարի առաջին կես՝ մեծ ջազ նվագախմբերի ոսկե ժամանակաշրջան.Դյուկ Էլլինգտոն, Գլեն Միլլեր, Թոմի Դորսի, Քաունթ Բեյսի, Արտեմի Այվազյան...

Արմեն Հյուսնունցը փաստում է՝ նվագախումբը համավարակային գրեթե մեկամյա դադարից հետո այս համերգներով վերսկսում է թեմատիկ համերգների շարքն իր բազային՝ Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում։ «Շատ սիրով ենք պատրաստվել այս համերգներին։ Ինչու է հենց այսօր պետք այս ժանրի երաժշտությունը, որովհետև այն ևս ստեղծվել է շատ ծանր ժամանակաշրջանում՝ հույս ունենալով մի փոքր դրական լիցք փոխանցել ու տարածել։ Իհարկե, մեկ ելույթը բավական չէ, որպեսզի կարողնանաք անդրադառնալ բոլոր անվանի երաժիշտներին ու նրանց ստեղծագործություններին։ Այդպիսով, որոշեցինք անել նմանօրինակ ծաղկաքաղ, քանի որ նյութը շատ ծավալուն է։ Հատկապես հպարտ եմ, որ հատուկ անդրադարձ կա նաև հայկական ջազ դպրոցին»,-նշում է Արմեն Հյուսնունցը։

Համերգները եզակի հնարավորություն ընձեռեցին նորը, ժամանակակիցը հայտնաբերելու, այն իմաստավորելու հնի վերագնահատման շնորհիվ: Հանդիսատեսը մեծ ջերմությամբ ընդունեց նվագախմբի ելույթները։

Սոպրանո Գոհար Հակոբյանը Մինսկում կայանալիք համերգին կներկայացնի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններՃանաչված սոպրանո ...
22/02/2021

Սոպրանո Գոհար Հակոբյանը Մինսկում կայանալիք համերգին կներկայացնի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ

Ճանաչված սոպրանո Գոհար Հակոբյանը մենահամերգով հանդես կգա Մինսկում՝ ներկայացնելով ոչ միայն արտասահմանցի, այլև հայ կոմպոզիտորների գործեր: Փետրվարի 27-ին Մինսկի Верхний город համերգասրահում կկայանա «Երաժշտության հանդեպ սրբազան սեր» խորագիրը կրող համերգը, որին կհնչեն Կոմիտասի, Բաբաջանյանի, Ավետիսյանի, Բելինիի, Պուչինիի, Դոնիցետիի, Շուբերտի, Պուլենկի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Համերգի ընթացքում սոպրանոյին կնվագակցեն պրոֆեսիոնալ երաժիշտներ, բազմաթիվ միջազգային մրցույթների և փառատոնների դափնեկիրներ:

Նշենք, որ որ Գոհար Հակոբյանը ներկայումս բնակվում է Մինսկում: 2010-16 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է: 2017-ին Բելառուսում տեղի է ունեցել Գոհար Հակոբյանի առաջին մենահամերգը: Այն կրում էր «Музыка души» խորագիրը, և անցավ մեծ հաջողությամբ: 2018 թ. դեկտեմբերին «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Նարինե Զարիֆյանի ստեղծագործական գործունեության 40-ամյակին նվիրված մեծամասշտաբ համերգի ընթացքում ելույթ է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ: Գոհար Հակոբյանը հանրությանը ներկայացրել էր իր «Աղոթք» ստեղծագործությունը, որի հեղինակը կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանն է:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նշում է հիմնադրման 15-ամյակըՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նշում է հիմնադ...
27/01/2021

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նշում է հիմնադրման 15-ամյակը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նշում է հիմնադրման 15-ամյակը։ Այս տարիների ընթացքում նվագախմբին հաջողվել է հայ կատարողական արվեստը հասցնել աշխարհի ամենահեղինակավոր բեմեր:

Ստեղծման օրից նվագախմբի թիվ մեկ առաքելությունը բարձր կատարողական որակ և միջազգային չափանիշներ ապահովելն է։ 15 տարիներն ու անցած ճանապարհը ցույց տվեցին‚ որ այդ առաքելությունը նվագախումբը պատվով է իրականացնում` 515 համերգ Հայաստանում և 108 համերգ արտասահմանում, 2113 ստեղծագործության կատարում, 1645 ստեղծագործության ձայնագրություն, 1295 ստեղծագործության որակյալ տեսագրություն, հայ կոմպոզիտորների թվայնացված 140 սիմֆոնիկ ստեղծագործություն, շուրջ 65000 հանդիսատես արտերկրում և 325000 հանդիսատես Հայաստանում:

Նվագախմբի ձեռքբերումներից է նաև այն‚ որ 15-ամյակի առթիվ շնորհավորանքներ են ստացվում ոլորտի աշխարհահռչակ ներկայացուցիչների կողմից, այդ թվում` Վլադիմիր Սպիվակովի‚ Մաքսիմ Վենգերովի‚ Ջոն Մալկովիչի‚ Տիգրան Մանսուրյանի և այլոց։

Ցավոք, նվագախմբի հոբելյանական համերգի շուրջ սոցիալական ցանցերում եղան որոշ շահարկումներ, որոնց վերաբերյալ ներկայացնում ենք մեր պարզաբանումը։

Հունվարի 25-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տարեդարձին նվիրված միջոցառումը նախևառաջ շնորհակալության երեկո էր, որի գլխավոր և ամենակարևոր հյուրերը նվագախմբի բարեկամներն ու ընկերներն էին, որոնք արդեն 15 տարի համերգների առաջին պահից մինչև վերջինը կիսում են մեր հույզերն ու դրական լիցքերը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր համերգների հրավերները կատարում է ընդունված արարողակարգով, ըստ որի՝ Վեհափառին, Նախագահին և

Վարչապետին մշտապես ուղարկվում են միջոցառումների վերաբերյալ նամակ-հրավերներ: Վարչապետի և Նախագահի կանանց անվանական հրավերներ չեն ուղարկվում: Միաժամանակ, բարձրաստիճան պետական պաշտոնյաները, ըստ Արամ Խաչատրյան համերգասրահի արարողակարգի‚ առանց հրավերի կարող են ներկա գտնվել ցանկացած միջոցառման, իրենց համար նախատեսված կառավարական օթյակում:

Չենք կարծում, թե հունվարի 25-ին տեղի ունեցածով որևէ մեկը միտում ուներ կամ ունի դիտավորությամբ վնասելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, որտեղ‚ ի դեպ‚ գործում են քաղաքական և քաղաքացիական ամենատարբեր հայացքներ ունեցող մարդիկ, որոնք, սակայն, միավորվում են դասական երաժշտության ներքո:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 15 տարեկան է. հարուստ կենսագրություն, ինքնատիպ հնչողություն, հանդիսատեսի սեր և ձե...
20/01/2021

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 15 տարեկան է. հարուստ կենսագրություն, ինքնատիպ հնչողություն, հանդիսատեսի սեր և ձեռքբերումներով լի 15 տարի

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 25-ին կդառնա 15 տարեկան։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հիմնադրած կոլեկտիվը շատ կարճ ժամանակում կարողացավ իր հատուկ տեղը գրավել հայ կատարողական արվեստում և հայտ ներկայացնել միջազգային երաժշտական ասպարեզում՝ աշխարհում գործող բազմաթիվ կայացած ու ավանդույթներ ունեցող նվագախմբերի կողքին հանդես գալով ինքնատիպ հնչողությամբ, հետաքրքիր երաժշտականությամբ ու հարուստ երկացանկով։

2006 թվականին նվագախումբը ստեղծվել է 18 տարեկան համախոհ երիտասարդների ջանքերով, երիտասարդներ, որոնք մաքսիմալիստ էին, համարձակ, հավատում էին իրենց հաջողությանը, ու չնայած դրան՝ երևի թե չէին էլ պատկերացնում, որ ընդամենը մի քանի տարի անց հանդես կգան աշխարհի լավագույն համերգասրահներում՝ արժանանալով ամենանրբաճաշակ հանդիսատեսի բուռն ծափողջույններին։

Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և երաժիշտների նվիրյալ աշխատանքի շնորհիվ նվագախումբը կարճ ժամանակում ձեռք է բերել միջազգային ճանաչում: Նվագախումբը գործունեության 15 տարիների ընթացքում ավելի քան 600 համերգով հանդես է եկել Հայաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Չեխիայում, Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Նիդերլանդներում, Բելգիայում, Իսպանիայում, Չինաստանում, Լիբանանում, Արաբական Էմիրություններում, Իսրայելում, Մալթայում, Ռուսաստանում, աշխարհի լավագույն համերգասրահներում, այդ թվում՝ Փարիզի Opera Garnier-ում, Բեռլինի ֆիլհարմոնիայում և Konzerthaus-ում, Լոնդոնի Բարբիկան կենտրոնում, Վիեննայի Musikverein-ում, Համբուրգի Elbphilharmonie-ում, Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան համերգասրահում, Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ համերգասրահում և բազմաթիվ այլ հեղինակավոր դահլիճներում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր արտասահմանյան համերգային շրջագայությունների ընթացքում մշտապես կատարում է հայ

կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ այդպիսով հանրահռչակելով և՛ հայկական կոմպոզիտորական ժառանգությունը, և՛ ներկայացնելով հայ կատարողական բարձր արվեստը։ Նվագախումբը 2020թ․ հունվարին Մաքսիմ Վենգերովի հետ մեկնեց եվրոպական հյուրախաղերի՝ եվրոպացի ունկնդրին առաջին անգամ ներկայացնելով Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան։

Նվագախմբի հարուստ երկացանկում ընդգրկված են դասական և ժամանակակից հայ (Ալեքսանդր Սպենդիարյան, Հարո Ստեփանյան, Արամ Խաչատրյան, Գրիգոր Եղիազարյան, Ալեքսանդր Հարությունյան, Ղազարոս Սարյան, Առնո Բաբաջանյան, Էդվարդ Միրզոյան, Էդուարդ Բաղդասարյան, Ավետ Տերտերյան, Ջոն Տեր-Թադևոսյան, Տիգրան Մանսուրյան…) և այլազգի կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործություններ: Երկացանկում ներառված է ավելի քան 1100 ստեղծագործություն, 15 տարիների ընթացքում ներկայացվել են համաշխարհային և հայաստանյան բազմաթիվ պրեմիերաներ։ Հայ կոմպոզիտորների 100-ից ավելի ստեղծագործություններ առաջին անգամ հնչել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։

Նվագախումբը համագործակցում է աշխարհում հայտնի մենակատարների, դիրիժորների և արտիստների հետ. Վալերի Գերգիև, Վլադիմիր Սպիվակով, Մաքսիմ Վենգերով, Դենիս Մացուև, Վադիմ Ռեպին, Վահագն Պապյան, Բորիս Բերեզովսկի, Սերգեյ Խաչատրյան, Ջոն Մալկովիչ և բազմաթիվ այլ աշխարհահռչակ արտիստներ պարբերաբար ելույթ են ունենում նվագախմբի հետ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է գալիս մի շարք փառատոներով, նորարարական ծրագրերով։ Մասնավորապես, արդեն երկար տարիների պատմություն ունեն Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, Խաչատրյանի անվան, «Արմենիա» միջազգային փառատոները։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ աշխարհում առաջին անգամ սիմֆոնիկ նվագախումբն իրական ժամանակում հնչեցրեց արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի շրջանակներում նվագախումբը, 2020թ․ հունիսին կիրառելով բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության գործիքները, դիրիժորին, մենակատարին և նվագախմբին հեռավար ձևաչափով հանդիպելու հնարավորություն ստեղծեց։

Կոլեկտիվը, համերգային ելույթներից բացի, նաև երաժշտագիտական գործունեություն է ծավալում. անցած 15 տարիներին ձայնագրվել և թվայնացվել են հայ կոմպոզիտորների կամերային և սիմֆոնիկ հարյուրավոր ստեղծագործություններ, ինչը հնարավորություն է տալիս մեր երաժշտական ժառանգությունը սերունդների համար պահպանել ժամանակակից ձևաչափով, ինչպես նաև հանրայնացնել աշխարհում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է գալիս նաև մի շարք կրթական ծրագրերով։ 2018թ. նոյեմբերից Սիմֆոնիկն ավագ դպրոցներում իրականացնում է «ԴասA» կրթամշակութային նախագիծը, որի նպատակը

ժամանակակից ինտերակտիվ և ստեղծարար մեթոդներով երիտասարդ սերնդի ուղղորդումն է դեպի դասական արվեստ: Կազմակերպվում են նաև առցանց վարպետաց դասեր աշխարհում հայտնի երաժիշտների և մանկավարժների մասնակցությամբ։

Գործունեության կարևորագույն ուղղություններից են սոցիալական պատասխանատվությունն ու բարեգործական նախագծերը. 15 տարիների ընթացքում կյանքի են կոչվել սոցիալական, մարդասիրական, բարեգործական ուղղվածության բազմաթիվ ծրագրեր։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումները վերջին տարիներին բազմիցս հեռարձակվել են մեծ լսարան ունեցող միջազգային հարթակներում՝ Medici.tv, Euronews, Classic.fm, Mezzo TV և այլն։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ ամփոփելով անցած 15 տարիները‚ ազդարարում է նոր փուլի մեկնարկը, փուլ, որը հագեցած է լինելու սիրելի ունկնդրին հաճելի պահեր պարգևելուն միտված ստեղծարար աշխատանքով, նոր գաղափարներով, աշխարհի լավագույն կոլեկտիվների հետ համընթաց քայլելու և հայկական երաժշտական արվեստն աշխարհում է՛լ ավելի հանրայնացնելու տեսլականով։

06.01.2021
06/01/2021

06.01.2021

Address

Erevan
0002

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Youth Online Magazine Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Youth Online Magazine Armenia:

Shortcuts

Share