19/09/2025
Ուրախությամբ տեղեկացանք մեր գործընկերոջ՝ Հայկական ազգային կինոակադեմիայի անդամ, կինոակադեմիկոս Հարություն Խաչատրյանի հաջողության մասին։
Անչափ ոգևորված ենք և հպարտ, որ հայ կինոյի պատմության մեջ առաջին անգամ հայազգի կինոռեժիսորի աշխատանքները ներկայացվելու են համաշխարհային կինոարվեստի «Պոմպիդու կենտրոնում»։
Այդ կապակցությամբ ջերմորեն շնորհավորում ենք հարգարժան Հարություն Խաչատրյանին և մաղթում ստեղծագործական նոր բարձունքներ։
ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ՈՂՋ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ։
«ՊՈՄՊԻԴՈՒ ԿԵՆՏՐՈՆՆ» ԱՐԴԵՆ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՖԻԼՄԵՐԻ ՀԵՏԱՀԱՅԱՑԻ ՄԱՍԻՆ։
Համաշխարհային արվեստային կենտրոններից մեկը՝ «Պոմպիդու կենտրոնն», արդեն պաշտոնապես հայտարարել է 2025թ․ հոկտեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 30-ը՝ շուրջ երկու ամիս, կինոռեժիսոր, վավերագրող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ֆիլմերի հետահայաց ցուցադրության նախագծի մասին։
Սա, իրոք, նախադեպը չունեցող իրադարձություն է հայկական կինոյի ողջ պատմության ընթացքում։ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ հայկական կինոյի առայժմ միակ ռեժիսորն է, որի 10 ֆիլմերի հետահայաց ցուցադրության նախընտրություն է արել «Պոմպիդու կենտրոնը»։
Համաշխարհային կինոհանդիսատեսը դիտելու է կինոռեժիսորի «Կոնդ», «Սպիտակ քաղաք», «Վերադարձ ավետյաց երկիր», «Վերջին կայարանը», «Վավերագրողը», «Պոետի վերադարձը», «Սահման», «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», «Փակուղի», «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմերը, որոնք ցուցադրվելու են «Պոմպիդու կենտրոն»-ի La Cinémathèque du documentaire par la Bpi ծրագրի շրջանակներում։
Յուրաքանչյուր ֆիլմի համար նախատեսված է 3 ցուցադրություն։ Սա նշանակում է, որ հայկական կինոյի 30 ցուցադրություն է կայանալու ֆրանսիացի և համաշխարհային կինոհանդիսատեսի համար և 3 օր շարունակ այդ հարթակում խոսվելու է հայկական կինոյի, Հայաստանի, հայ կինոռեժիսորի, հայկական կինոմշակույթի մասին։
Հետահայացի բացման երեկոյին հրավիրված է նաև ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։
Ֆրանսիայում նախատեսվում է ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ելույթը, ֆիլմերի 3 քննարկում կինոռեժիսորի մասնակցությամբ և ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ Վարպետաց դասը։
Այսպիսով «Պոմպիդու կենտրոնն» իր հարգանքի յուրահատուկ տուրքն է մատուցում յոթանասունամյա հոբելյանի շեմն անցած ռեժիսորին և հայկական կինոյին։