19/10/2025
Լույս է տեսել Լուսինե Թոփուզյանի «Ջավախք՝ կարոտիս օրրան» գիրքը
Ժողովածուում ամփոփված են պատանեկան տարիներին գրածս այն բանաստեղծությունները, որոնք 60-ական թվականներին տպագրել եմ Ջավախքում հրատարակվող մամուլի էջերում։ Ոտանավորներս տպագրվում էին նաև Թբիլիսիում հրատարակվող «Սովետական Վրաստան» թերթում, Ախալքալաքում՝ «Փարոս», Նինոծմինդայում՝ «Արշալույս» թերթերը ունեին իրենց ամենամսյա գրական էջերը․ «Ջավախք», «Գրական Փարվանա» էին կոչվում այդ էջերը, որտեղ հանդես էին գալիս տաղանդավոր երիտասարդ ստեղծագործողներից Վիկտոր Հովսեփյանը, Վարդ Ղազարյանը, Միշա Հովսեփյանը, Աշուղ Լեյլին․․․ Շատ ստեղծագործողներ, որոնց հույզերն ու ապրումները դառնում էին մնայուն խոսք ու խրատ, լիրիկական մտորում, հավերժին պահ տված անկեղծ, խոհական զգացումներ․․․
Այս փոքրիկ ժողովածուն մասունքների մի ոսկեփունջ է, որը համեստորեն հոգեխորքումս ապրեցնում եմ որպես հավերժին տրվող հիշատակներ։ Եվ, ի դեպ, հիշյալ քնարական մտորումներս արձակ գործերիս կողքին դարձել են գեղահրաշ նախշային երանգներ և հիշատակելի սրբասուրբ տողեր, որոնցով հոգևորի ուժով էությունս եմ հարստացրել՝ այս մեր տխուր կեցության հեքիաթների մեջ ու անցողիկ տեսիլներում․․․
Լուսինե Թոփուզյան