04/04/2026
ՆՈՐՔ - 1/2026
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ.
ՆՈՐՔի նախորդ համարում խոստացել էի հաջորդի խմբագրականը նվիրել թարգմանչական արվեստի մերօրյա թշվառ վիճակին, սակայն, ինչպես ասում են՝ բան պատահեց։
Պատահեց Ազգային ժողովում՝ Դաշնակցություն-Հակոբ Մովսես հակամարտությունը, որին ես չեմ կարող չանդրադառնալ, նախ՝ որովհետև այդ տեսարանը վիրավորել է իմ և շատերի բանականությունը, իսկ ամենակարևորը՝ ընթացքում հիշատակվեց հորս՝ Ռուբեն Հովսեփյանի անունը։ Ես կասեի նույնիսկ՝ խոսվեց նրա անունից, ինչն ինձ համար անընդունելի է, երբ ինքը չի կարող պատասխանել։ Ու թեև Հակոբ Մովսեսին ամենասադրիչ համեմատություններով և ակնարկներով պարզապես պարտադրեցին խոսել կյանքից հեռացած գրչընկերոջ մասին, խոստովանեմ, որ վաղուց էի առիթ փնտրում հակադարձելու տարբեր եթերներում, իսկ այժմ նաև ԱԺ ամբիոնից հնչեցրած նրա այն պնդմանը, իբր Ռուբեն Հովսեփյանը ժամանակին մի բանավեճում, իսկ հետո իր հայտնի ֆեյսբուքյան գրառումով նսեմացնում է պետության գաղափարը։
Իմ շատ հարգելի Հակոբ Մովսես, հայտնելով վերոնշյալ հակամարտությունում անվերապահ աջակցությունս Ձեզ, այդուհանդերձ, ուզում եմ վերջապես պարզաբանել տասնամյակից ավելի տևողության այս թյուրիմացությունը, մեջբերելով 2014 թ․ օգոստոսի 5-ին արված հորս գրառումը․ «Տեսա՞ք, թե մի ակնթարթում Հանրապետությունը ինչպես վերածվեց հայրենիքի»։ «Հանրապետությո՛ւնը», պարոն Մովսես, որը Դուք «Պետություն» բառի վերափոխած՝ շարունակ օգտագործում եք գրառումը հիշատակելիս և հենց սրան էլ ընդդիմանում։ Մինչդեռ Հանրապետությունը կառավարման ձև է ընդամենը և չի հանդիսանում սուվերեն պետության խորհրդանիշ (ԽՍՀՄ-ը վկա), առավել ևս՝ հոմանիշ, եթե կուզեք՝ նրա ժանրերից մեկն է ընդհանուր համակարգի առկայության դեպքում և գործում է ժանրին բնորոշ կանոններով։ Եվ այդ գրառումը նույնպես բնորոշ է ժանրին՝ հրապարակախոսական է ու գրական, և հայրս «Հանրապետություն» բառի փոխարեն, ցանկության դեպքում, կարող էր օգտագործել համարժեք «երկիրը» կամ «հասարակությունը», սակայն երբեք չէր ասի․ «Պետությունը վերածվեց հայրենիքի» ու դրանից իրեն լավ կզգար․․․ Ի դեպ, այս համարում տեղ են գտել նաև Մովսէս Հերկելեանի հուշերը Ռուբեն Հովսեփյանի մասին, և մի դրվագում՝ դեռ 90-ականներին վերաբերող, կա այս ճշմարտության ամենապարզ ապացույցը։
«Հայաստանի Հանրապետություն» թերթում ձեր հիշատակած 1989 թ․ բանավեճը չգտա, մանավանդ, որ թերթը ստեղծվել է 1990-ին։ Այնուամենայնիվ, շնորհակալ եմ Ձեզ՝ հորս հիշատակը հարգելու և բարի, նաև՝ չարտասանված, բայց լսելի ափսոսանքի խոսքերի համար։
Ինչ վերաբերում է հակամարտության մյուս կողմին, որին ես կանվանեի հավաքական Գեղամ Մանուկյան, ապա շատ բան չունեմ ասելու։ Մեկը մյուսի ետևից անպարկեշտ, մաղձոտ, իբր վիրավորված արժանապատվության պահապան-հրեշտակների ձեր ելույթները որոշեցիք համեմել մեծերի անուններով՝ հեռացա՛ծ մեծերի, ում պատասխանը, իհարկե, չէիք ակնկալում և ում ցուցակը գլխավերևներումդ դրոշակ տնկած՝ մտավորականության բարոյական էկզեկուցիա էիք բեմադրել։
Այո, ձեր հավաքական բախտը բերել է, որ ՀՅԴ շարքերում այդպիսի մարդիկ են եղել՝ և՛ կուսակցության ստեղծման պահին, և՛ Հայաստան մուտք գործելու, սակայն դուք նրանցից ոչինչ չեք սովորել ու ճանապարհին այնքան հաճախ եք արժեքներով աճպարարություն արել, որ պետք եղած ժամանակ չեք էլ գտնում գլորված-կորածները և ստիպված հիշում եք մեծերին։ Ձեր հավաքական հիշողությունը մեծերի անունները միայն դրոշակի կամ ճիպոտի վերածել գիտի՝ մտավորականին մտավորականով պատժելու, ամաչեցնելու, վախեցնելու, նվաստացնելու համար։
Դուք, հավանաբար, վստահ եք, որ Ռուբեն Հովսեփյանը կամ Սոս Սարգսյանը և էլի շատերը՝ նաև դարի խորքերից, ում նշում էիք պարծանքով, այսօր է՞լ պիտի ձեր գործունեության մասնակիցը լինեին։ Դուք իրո՞ք նրանց այդքան վատ եք ճանաչում։ Եվ անգամ եթե այդպես եք կարծում, իրավունք չունե՛ք նրանց անունից խոսելու, ինչ է, թե՝ չեք վախենում պատասխանից։
Իմ երևակայությունը, օրինակ, մի այլ պատկեր է նկարում՝ թե ինչպես հեռացած մեծերից յուրաքանչյուրի ձեռքը մի ծանր ապտակ է իջեցնում ձեր հավաքական դեմքին՝ առնվազն ԱԺ-ում կատարվածի համար։ Բայց քանի որ նրանք ինձ ևս չեն պատասխանի, չեմ էլ հանդգնի պնդել։
Իսկ ձեզ որտեղի՞ց այդ հանդգնությունը։
Լիլիթ Հովսեփյան
ՆՈՐՔի այս համարում․ Կոստան Զարյան, Անահիտ Արփեն, Դավիթ Սարգսյան, Նաիրա Աբրահամյան, Ռոմիկ Մխիթարյան, Հրաչ Բեգլարյան, Մովսէս Հերկելեան (Մովսէս Ծիրանի), Բաբկեն Սիմոնյան։ Թարգմանություն բաժնում․ Հասմիկ Մարկոսյան։