18/11/2023
Գրում է ֆիզարձակուրդից այդպես էլ չվերադարձած տնօրենը:
Տուն
֊Անն, կգա՞ս գնանք նվեր առնելու։
֊ Գնացինք։
֊ Տաթ, գուցե էդ հարցով գնանք ԱԱԾ։
֊Գնացինք։
֊ Անն, արի իջնենք, կոմպը պետքա ստուգել։
֊ Գնացինք։
֊Տաթ, երգերի մեջ ուզում եմ X կատարողի երգացանկից ավելացնեմ։
֊ Դավայ։
֊ Անն, արի 2 օրում 24֊ժամյա եթերացանկը 180°֊ով փոխենք։
֊ Կանենք։
֊ Տաթ, փոդքասթ ձայնագրե՞նք։
֊ Կանենք։
Շարքը կարող եմ անվերջ ավելացնել. իրար անընդհատ առաջարկներ էինք անում ու երբեք իրար չէինք մերժում։
Աննային ճանաչում եմ վաղուց։ Նույն տարում` մի քանի ամսվա տարբերությամբ, տեղափոխվել ենք Արեշ թաղամաս։ Ես դպրոցական էի, ինքը` նորաթուխ մայրիկ։
Տարիներ անց, երբ արդեն ես էի նորաթուխ մայրիկ, իր ավագ դուստրը` դպրոցական, բախտի բերմամբ, թե պատահմամբ, մի քանի օրվա տարբերությամբ դիմել ենք աշխատելու միևնույն կառույցում։
Ռադիոն մեզ իրար ավելի լավ ճանաչելու հնարավորություն տվեց։ Ամեն ինչ փոխադարձ է, չէ՞, այս աշխարհում։ Մեզ միավորած ռադիոյի շուրջ կենտրոնացրինք եռանդը։ Սխալվել ենք, ուղղվել, հաջողել, անընդհատ փորձել ու նորությունից երբեք չվախեցել։
Եթե չգիտեք` պատմեմ։ Աննան Երևանից էր եկել Ստեփանակերտ` ընտանիք կազմելու։ Դպրոցական տարիներիս, երբ անցնում էի Աննայենց տան մոտով, նկատում էի` ինչպես օրեցօր կառուցվում էր այն, ինչպես էին կյանքով լցվում տան պատերը, ինչպես է երիտասարդ ընտանիքը իր արմատները գցում այդ հողում։
Արցախը լքելուց մի օր առաջ Աննայի մուշմուլայի ծառի շվաքի ներքո խոսում էինք վերջին օրերին մեզ հետ կատարվածի մասին, նայում էինք` ինչպես մեր աղջիկները վազվզում էին բակում, խոր ցավ ապրում գիտակցումից, որ, երևի, վերջին անգամ, իրար հարցնում ապագա պլանների մասին, նայում մեկս մյուսի աչքերի մեջ ու լռում։ Գլուխը բարձրացրեց վեր, ասաց, որ մենակ էս ծառի տնկիները հետը կտանի իր սիրով ու հավատով կառուցած ու միշտ հյուրընկալ եղած տնից։
Աննայի հետ վերջին երեք տարում զրուցել եմ գրեթե ամեն օր, բայց միայն փոդքասթ ձայնագրելու ընթացքում եմ իմացել, որ երբ առաջին անգամ տեսավ , չկարողացավ զսպել արցունքներն ու զգացմունքները։ Արցախյան մեր վերջին օրը Աննան նույնպես լացում էր։
Հ. Գ. ֊ Անն, արի գնանք Արեշ: